Արագածը լեռնազանգված է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:
Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:
Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝ տարեկան 250 օր կայուն ձնածածկույթով:
Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկեսը: Գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերում լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:
Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն): Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Մաքուր ու զովաշունչ օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում զբոսաշրջիկներին ու հովեկներին, ալպինիզմի սիրահարներին: Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է:
Phasellus tincidunt, quam ac hendrerit molestie.
Etiam nulla lectus, dictum ut lobortis a, blandit sed nisi..
Integer in purus et lectus accumsan tempor ac nec nulla.
Vivamus varius erat justo, in vestibulum ipsum rutrum tristique..




