Երկհարկ քարանձավը գտնվում է Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում, Ենոքավանից 3կմ հեռավորության վրա: Տեղանքը կարծես թաքնվում է սաղարթախիտ անտառի խավարի մեջ:
Բուռն գետը, բարձր ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը: Եվ այդ բնության մեջ իր ուրույն տեղն ունեն խոնավ կլիման ու ձորի լանջերից կախված սպիտակ ամպիկները: Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա:
Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով:
Սենյակների պատերին ոմն նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով: Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում:
Բոլոր Էքսկուրսիաներն ու ծառայությունները
Խմբային Էքսկուրսիաներ
Անհատական Էքսկուրսիաներ
Տրանսպորտային ծառայություներ




