08

Jun
2018

Գառնիի տաճար

Posted By : hamona/ 723 0

Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով: Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ. հնագիտական պեղումների ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղին` կացարաններով և բազմաթիվ գտածոներով: Ուրարտական շրջանում (մ.թ.ա. VIII-VI դդ.) ամրոցի պարսպապատերն ամրացվել են և կանգնեցվել է տաճարի`  I դարի կառույցի նախատիպը:

Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին:

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ  կոչվել է Գառնի։

Ըստ ընդհանուր հորինվածքի` շենքը պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր` վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։

Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ X դարի սկզբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։

Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր:

  • ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

  • Տրանսպորտային ծառայություներ

  • գիդի ծառայություն

Leave your comment

Please enter comment.
Please enter your name.
Please enter your email address.
Please enter a valid email address.